Տեղի ունեցավ ՀԳՀՄ և Միության անդամ հանդիսացող Աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման ակադեմիայի (ԱԱՍՊ) համատեղ կազմակերպված հանդիպումը

27-03-2026
Տեղի ունեցավ ՀԳՀՄ և Միության անդամ հանդիսացող Աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման ակադեմիայի (ԱԱՍՊ) համատեղ կազմակերպված հանդիպումը

Մարտի 23-ին տեղի ունեցավ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) և Միության անդամ հանդիսացող Աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման ակադեմիայի (ԱԱՍՊ) համատեղ կազմակերպված հանդիպում, որը նվիրված էր գրասենյակային աշխատողների առողջության և անվտանգ աշխատանքային միջավայրի պահպանմանը։

Դասընթացի հիմնական նպատակն էր բարձրացնել Միության անդամների իրազեկվածությունը գրասենյակային միջավայրում առկա ռիսկերի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել դրանց կանխարգելման ժամանակակից մեթոդներն ու գործնական լուծումները՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա։

Դասընթացը վարեց ԱԱՍՊ ակադեմիայի հիմնադիր, ոլորտի փորձագետ Լիանա Խաչատրյանը, ով մասնակիցներին ներկայացրեց գրասենյակային աշխատանքի առանձնահատկություններից բխող հիմնական ռիսկերն ու վտանգները։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նստակյաց աշխատանքի հետևանքով առաջացող առողջական խնդիրներին, աշխատանքի կազմակերպման թերություններին, ինչպես նաև սթրեսի կառավարման կարևորությանը։

Դասընթացի ընթացքում ներկայացվեցին արդյունավետ գործիքներ և մոտեցումներ՝ ուղղված աշխատողների առողջության պահպանմանը, հոգեբանական բարեկեցության ապահովմանը, ինչպես նաև արտադրողականության բարձրացմանը։

Հանդիպմանը հրավիրված էր նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը, ով ներկայացրեց էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի կնքման ընթացակարգը, գործող օրենսդրական պահանջներն ու աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրության հիմնական դրույթները։

Դասընթացն անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով, ինչը հնարավորություն տվեց մասնակիցներին ակտիվորեն ներգրավվել քննարկումներում, ներկայացնել իրենց փորձը, ինչպես նաև վերլուծել իրական դեպքեր աշխատանքային միջավայրում անվտանգության ապահովման վերաբերյալ։

Միջոցառման ավարտին մասնակիցներն ընդգծեցին նման նախաձեռնությունների կարևորությունը՝ նշելով, որ գրասենյակային աշխատանքի անվտանգության մշակույթի ձևավորումը հանդիսանում է ժամանակակից կազմակերպությունների կայուն զարգացման առանցքային բաղադրիչներից մեկը։

Շնորհակալություն ենք հայտնում Լիանա Խաչատրյանին և Ալվարդ Արշակյանին՝ իրենց մասնագիտական փորձը ներկայացնելու և արժեքավոր գիտելիքներ փոխանցելու համար։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ