Տեղի ունեցավ ՀԳՀՄ Խորհրդի հերթական նիստը

07-04-2025
Տեղի ունեցավ ՀԳՀՄ Խորհրդի հերթական նիստը

Ապրիլի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի գործատուների հանրապետական միության Խորհրդի հերթական նիստը։

Նիստին առկա ձևաչափով մասնակցում էին ՀԳՀՄ Խորհրդի 18 անդամներից 11-ը։

ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը Խորհրդի անդամներին ներկայացրեց փետրվարի 15-ից առ այսօր ՀԳՀՄ թիմի կողմից իրականացված աշխատանքները` ուղղված Միության անդամների շահերի պաշտպանությանն ու օրենսդրական բարեփոխումների ներկայացմանը պետական տարբեր հարթակների հանրային քննարկումներում։

Վ.Համբարձումյանը տեղեկացրեց նաև, որ ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» 366-րդ հոդվածով նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի գործատու կազմակերպությունների թեկնածուների մասնակցության ժամկետի ավարտի հիմքով` անհրաժեշտություն է առաջացել Միության կողմից կազմակերպել նոր մրցույթ և ներկայացնել թեկնածուներ գործատուների նոր կազմի ձևավորման նպատակով։

Խորհրդի կազմի փոփոխության անհրաժեշտությունից ելնելով և Միության կանոնադրության 11.2. կետի համաձայն` Վ.Համբարձումյանն առաջարկեց առաջիկայում հրավիրել նաև արտահերթ համագումար, որի մասին սահմանված կարգով և ժամկետներում կծանուցվեն Միության անդամները։ 

Անդրադառնալով օրակարգային մի շարք հարցերին` ՀԳՀՄ գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը ներկայացրեց առաջիկայում մեկնարկող մի շարք նոր ծրագրերն ու նախաձեռնությունները` այդ թվում ԱՄԿ–ի աջակցությամբ նախատեսված ԼՂ–ից տեղահանվածների համար ձեռնարկատիրության զարգացման և Միության անդամների կարողությունների հզորացման ծրագիրը, ռեբրենդինգի արդյունքում Միության կայքում առկա մի շարք փոփոխությունների անհրաժեշտությունը, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի ոլորտում համագործակցության զարգացման թեմայով Արևելյան Չինաստանում նախատեսված սեմինարը։

Միաձայն կողմ քվեարկելով օրակարգային բոլոր հարցերին` Խորհուրդն ավարտեց իր աշխատանքները։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ