Հայաստանում պարենի անվտանգության համակարգի գնահատումը. շուկայի ֆունկցիոնալությունը և մատակարարման շղթայի դինամիկան

Սկիզբ՝ 2-Օգոստոսի-2020 Ավարտ՝ 30-Հունիսի-2021 Կարգավիճակ՝ ավարտված
Հայաստանում պարենի անվտանգության համակարգի գնահատումը. շուկայի ֆունկցիոնալությունը և մատակարարման շղթայի դինամիկան

Հայաստանի Գործատուների հանրապետական միությունը  ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ 2020 թ-ի օգոստոս - 2021 թ. հունիս ժամանակահատվածում մշակել և իրականացրել է Հայաստանում պարենի անվտանգության համակարգի ուսումնասիրություն և գնահատում: 

Ուսումնասիրությունը համաֆինանսավորել են Հայաստանի Գործատուների հանրապետական միությունը  և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը: 

Այս սիստեմատիկ ուսումնասիրությունը գնահատել է Հայաստանում պարենի անվտանգության համակարգը ճգնաժամերի ընթացքում, հատկապես COVID-19  համաճարակի ամիսներին, ինչպես նաև ստեղծել գիտելիքների բազա Հայաստանում ապագայում պարենի անվտանգության նոր քաղաքականության մշակմանը աջակցելու համար: 

Հետազոտական թիմը ուսումնասիրել է Հայաստանում պարենի անվտանգության համակարգը և՛ օրենսդրության, և՛ պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայի, և՛ մատակարարման շղթաների տեսակետից: Մասնավորապես գնահատվել են առնչվող օրենսդրության և քաղաքականության ուժեղ, թերի, և հակասական կողմերը, պարենի ու շուկայի և մատակարարման շղթայի կայունությունն ու դիմակայունությունը Հայաստանում աղետների պարագայում, ինչպիսիք էին Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը և գլոբալ COVID-19-ի համաճարակը, ինչպես նաև Հայաստանում մատակարարման շղթաների կախվածությունը և խոցելիությունը արտաքին շուկաներից: Հետազոտությունը նաև ուսումնասիրել է  COVID-19- ի ընթացքում Հայաստանում ագրոբիզնեսի առջև ծառացած մարտահրավերները:

Ուսումնասիրությունը և տվյալների վերլուծություններն անցկացվել են երեք մակարդակով՝ ամբողջ Հայաստանի հանրապետության, ինչպես նաև բոլոր մարզերի և մարզկենտրոն-համայնքների մակարդակով: Եզրակացությունները վերհանել են ամեն մակարդակի համար պարենի անվտանգության խնդիրների բնույթը և յուրահատկությունները, և դրանց լուծման հնարավոր ճանապարհները:  

Քանի որ պարենի անվտանգության խնդիրները յուրահատուկ են տարվա տարբեր  եղանակներին, ուստի հետազոտական թիմը ուսումնասիրությունը կառուցել է ըստ 3 փուլերի ամեն տարվա եղանակի/սեզոնի համար՝ գարուն-ամառ,  աշուն և ձմեռ՝ այսպիսով ձևավորելով պարենի անվտանգության խնդիրների բնույթը ըստ տարվա սեզոնների: 

Այս բազմափուլ ուսումնասիրությունը կիրառել է համապարփակ մեթոդաբանություն՝ 

  • 4222 ստանդարտացված սոցիոլոգիական հարցում առևտրակետերի հետ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում
    • Գարուն-ամառ (1378 հարցում)
    • Աշուն (1444 հարցում)
    • Ձմեռ (1400 հարցում)
  • 232 ստանդարտացված հարցում մատակարարողների,  ներմուծողների, դիստրիբյուտորների և սնունդ վերամշակող ընկերությունների հետ
    • Գարուն-ամառ (56)
    • Աշուն (76)
    • Ձմեռ (100)
  • 500 էլեկտրոնային ստանդարտացված հարցում ագրոբիզնեսների հետ,
  • 211 խորացված հարզազրույց առևտրակետերի, մատակարարների հետ, մարզպետների, համայնքապետերի, քաղաքական գործիչների և պարենի անվտանգության ոլորտում փորձագետների և քաղաքականություն մշակողների հետ, 
  • օրենսդրության, պարենի քաղաքականության հայեցակարգի,  վիճակագրական տվյալների և առնչվող գրականության վերլուծություն: 

Հետազոտության ընթացքում Հայաստանի գործատուների հանրապետական միությունը նաև փորձարկել և արդյունքում մշակել է մեթոդաբանություն ապագայում Հայաստանում պարենային անվտանգությունը կանոնավոր և պարբերաբար գնահատելու համար:  

Հետազոտությունը ցույց տվեց, որ Հայաստանում, ի տարբերություն Արևմուտքի զարգացած պետությունների, COVID-19- ի ամիսներին պարենի դեֆիցիտի խնդիրներ չծագեցին: Դա մասնավորապես պայմանավորված էր նրանով, որ Հայաստանում սպառումը նվազեց COVID-19 ամիսներին: Նաև  Հայաստանում առևտրակետերը փոքր են, ու իրենց սահմանափակ ենթակառուցվածքների պատճառով պահուստի պաշարները նույնպես փոքր են, որը իր հերթին ստիպում է առևտրակետերին հաճախ, բայց փոքր քանակներով թարմացնել ապրանքները: Հենց այդ փոքր պաշարներով թարմացնելու հաճախականությունն էլ Հայաստանի առևտրակետերին տալիս է ճկունություն արագ հարմարվելու սպառողի պահանջներին: 

Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը պարենի անվտանգության խոցելիություն չունի: Հայաստանի հիմնական խոցելիությունը իր մատակարարման համակարգում է: Հայաստան ապրանք մատակարարող երկրները բազմազան չեն և հիմնականում մի քանիսն են: Այդ երկրներում հումքի ու արտադրանքի գների փոփոխությունները ազդում են Հայաստանում գների վրա: Այսպիսով, Հայաստանում պարենի անվտանգության խոցելիությունը հիմնականում դրսևորվում է գների տատանելիության ձևով, ոչ դեֆիցիտի: 

Վերլուծությունը ցույց տվեց նաև, որ պարենի անվտանգության քաղաքականությունը Հայաստանում նույնպես սահմանափակ մոտեցում է կրում, և պարենի անվտանգությունը ընկալվում է որպես գյուղատնտեսության մաս: Մինչդեռ պարենի անվտանգության հենց ամենախոցելի առումները Հայաստանում կապված են Հայաստանի տնտեսության մյուս ճյուղերի զարգացումից, օրինակ՝ ենթակառուցվածքները, ինչպիսիք են ջրամբարները, ոռոգումը, պահուստները, սառնարանային համակարգերը, տրանսպորտային համակարգերը, փաթեթավորումն ու մարկետինգ, և այլն: Սրանք նպաստում են սննդի արտադրության շղթային ու անխուսափելիորեն Հայաստանի տնտեսության մյուս սեկտորների հետ են կապված: 

Ուստի պարենի անվտանգությունը Հայաստանում զարգացնելու համար պարենի քաղաքականությունը պետք է իր առաջ խնդիր դնի, թե ինչպե՞ս զարգացնի պարենի անվտանգությունը, որ այն ընդգրկի ու զարգացնի նաև ՀՀ տնտեսության մյուս ճյուղերը: 

 

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԵՎՅԱԼՆ ԵՆ`

 

Վերլուծական զեկույցներ

- Հայաստանում պարենի անվտանգության համակարգի գնահատումը. Շուկայի ֆունկցիոնալությունը և մատակարարման շղթայի դինամիկան, ամառ, 2020թ. 

- Հայաստանում պարենի անվտանգության համակարգի գնահատումը. Շուկայի ֆունկցիոնալությունը և մատակարարման շղթայի դինամիկան, ամառ և աշուն, 2020թ. 

- Հայաստանում պարենի անվտանգության համակարգի գնահատումը. Շուկայի ֆունկցիոնալությունը և մատակարարման շղթայի դինամիկան, ամառ, աշուն, ձմեռ, 2020-2021թթ. 

 

Վերլուծական համառոտագրեր 

- Պարենի անվտանգության համակարգը Հայաստանում. քաղաքականությունը տարիների ընթացքում, շուկայի ֆունկցիոնալությունը, մատակարարման շղթաները: Դեկտեմբեր, 2020թ. 

- Պարենի անվտանգությունը Հայաստանի մարզերում: Մայիս, 2021թ. 

- Պարենի անվտանգությունը և COVID-19-ի մեկ տարին Հայաստանում. Շուկայի ֆունկցիոնալությունը և մատակարարման շղթայի դինամիկան: Հունիս 2021թ.

- Հայաստանի պարենի անվտանգության քաղաքականության և գործողությունների ծրագրերի վերլուծություն, 1991-2021: Հունիս 2021թ.

- Հայաստանի հանրապետության գյուղատենտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների ռազմավարություն 2020-2030թթ.: Հունիս 2021թ.

 

Ցույց տալ այլ նախագծեր ստորև #tag-ով