Միության պատվիրակները Չեխիայում ուսումնասիրեցին արևային էներգետիկայի ոլորտի մասնագիտական կրթության փորձը

27-10-2026
Միության պատվիրակները Չեխիայում ուսումնասիրեցին արևային էներգետիկայի ոլորտի մասնագիտական կրթության փորձը

Հոկտեմբերի 19–23-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահի տեղակալ Մարիա Խախամյանը և գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը Չեխիայի Մլադա Բոլեսլավ քաղաքում մասնակցեցին REnForce՝ «Վերականգնվող էներգիայի ոլորտում աշխատուժի ներուժի ամրապնդում» Էրազմուս+ ծրագրի կառավարման կոմիտեի հանդիպմանը և ուսումնաճանաչողական այցին։

Այցելության նպատակն էր տեղում ծանոթանալ Չեխիայի վերականգնվող էներգետիկայի ոլորտում կրթության և աշխատաշուկայի միջև համագործակցության փորձին, ուսումնասիրել աշխատանքի վրա հենված կրթության կազմակերպման արդյունավետ մոտեցումները, ինչպես նաև ծանոթանալ ոլորտում գործող մասնագիտական կառույցների և ասոցիացիաների գործունեությանը։

Ծրագրի կառավարման կոմիտեի հանդիպման ընթացքում ծրագրի հայաստանյան և միջազգային գործընկերները համատեղ քննարկեցին ծրագրի իրականացման ընթացքը, կատարված աշխատանքներն ու առաջիկա գործողությունները։

Ուսումնաճանաչողական այցի կարևոր բաղադրիչներից էր Շկոդա Ավտոյի միջին մասնագիտական դպրոց այցելությունը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան մասնագիտական կրթության կազմակերպման առանձնահատկություններին և ուսումնական ենթակառուցվածքներին։ Ստեղծված ուսումնական միջավայրը, համապատասխան տարածքներն ու սարքավորումները հնարավորություն են տալիս տեսական գիտելիքները համադրել գործնական ուսուցման հետ՝ նպաստելով ուսանողների մասնագիտական հմտությունների ձևավորմանն ու ամրապնդմանը։ Այս փորձը ցույց է տալիս, թե ինչպես կարող է ուսումնական գործընթացի և գործնական աշխատանքի արդյունավետ համադրումը նպաստել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանը։

Այցի ընթացքում կազմակերպված քննարկումները հնարավորություն տվեցին փոխանակվելու տեղական և միջազգային փորձով, ներկայացնելու մասնագիտական կրթության կազմակերպման տարբեր մոտեցումներ և քննարկելու կրթական հաստատությունների ու գործատուների համագործակցության տարբեր հնարավորություններ։

Հոկտեմբերի 22-ին ծրագրի գործընկերները հանդիպում ունեցան Չեխիայի արևային էներգետիկայի ասոցիացիայի (Solar Association Czech Republic) նախագահի հետ, որի ընթացքում անդրադարձան  ոլորտի զարգացմանն առնչվող հարցերին և Հայաստանում առաջիկայում ստեղծվելիք ոլորտային կառույցի վերաբերյալ փորձի փոխանակման հնարավորություններին։

2025 թվականին մեկնարկած REnForce եռամյա ծրագիրն ուղղված է Հայաստանում վերականգնվող էներգիայի ոլորտի համար անհրաժեշտ մասնագիտական կարողությունների զարգացմանը, մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրերի արդիականացմանը և կրթության ու աշխատաշուկայի միջև կապի ամրապնդմանը։

Ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջում ներդրվել է վերականգնվող էներգիայի ոլորտի նոր մասնագիտական կրթական ծրագիր, ինչպես նաև արդիականացվել են Հայաստանի երեք մասնագիտական կրթության և ուսուցման հաստատություններում գործող ծրագրերը։

ՀԳՀՄ-ի մասնակցությունը ծրագրին կարևոր նշանակություն ունի կրթության և բիզնեսի համագործակցության ամրապնդման, գործատուների ներգրավվածության ընդլայնման և աշխատանքի վրա հենված ուսուցման խթանման տեսանկյունից։ Չեխական փորձի ուսումնասիրությունն ու միջազգային գործընկերների հետ քննարկումները նպաստում են մասնագիտական կրթության զարգացմանն ուղղված կիրառելի մոտեցումների բացահայտմանը՝ նպատակ ունենալով պատրաստել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ և աջակցել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ