Հայ-իրանական գործընկերության ընդլայնման նոր հնարավորություններ առողջապահության ոլորտում

11-11-2024
Հայ-իրանական գործընկերության ընդլայնման նոր հնարավորություններ առողջապահության ոլորտում

Նոյեմբերի 11-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ առցանց հանդիպում Միության անդամ-ընկերությունների և Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության ոլորտի մի շարք կազմակերպությունների ղեկավարների միջև, որին մասնակցում էին նաև ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչներ։

Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանի գործատուների հանրապետական միության և Իրանում գործող «Sepanta Salamat» կորպորացիայի համագործակցության հուշագրի հիման վրա, որի շրջանակներում վերջին երեք տարիների ընթացքում իրականացվում է համատեղ փոխգործակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

2025թ.–ի հունվարին «Sepanta Salamat» կորպորացիայի անդամները Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախահագի բարձր հովանու ներքո պլանավորում են այցելություն Հայաստան` նոր գործարար կապերի և համագործակցության ընդլայնման նպատակով։ Պատվիրակության կազմում ընդգրկված կլինեն առողջապահության ոլորտի առաջատար ընկերություններ, որոնք գործունեություն են ծավալում սննդի անվտանգության, դեղագործության, բժշկական սարքավորումների սպասարկման և բժշկական ծառությունների մատուցման ոլորտում։

Իրանցի գործընկերների նպատակն էր այցելությանն ընդառաջ կազմակերպել հայ-իրանական գործընկերության շրջանակներում համատեղ առցանց հանդիպում` բացահայտելու ՀՀ–ում առողջապահության ոլորտում գործող ընկերությունների ներուժը, ինչպես նաև նրանց կարիքների հիման վրա կազմակերպել արդյունավետ փոխգործակցություն։ Հանդիպման ընթացքում իրանցի գործընկերները ներկայացրին իրենց ընկերությունների նորագույն տեխնոլոգիաների և գիտատեխնիկական լայն հնարավորությունները, երկուստեք քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Հաշվի առնելով առողջապահության ոլորտում հայ–իրանական հարաբերությունների իրացման մեծ ներուժը, ինչպես նաև Հայաստանի աշխարհագրական դիրքի առավելություններն ու հնարավորությունները` պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀԳՀՄ ակտիվ ներգրավվածությամբ ու աջակցությամբ հաջորդիվ արդեն գործնական քայլեր ձեռնարկել բժշկական սարքավորումների և դեղամիջոցների ինչպես ներկրման, այնպես էլ արտահանման ուղղությամբ։ 
Իրանցի գործընկերները շնորհակալություն հայտնեցին ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանին հայ գործընկերների հետ հանդիպման կազմակերպման, արդյունավետ քննարկման և համագործակցության պատրաստակամության համար։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ