Հանդիպում Հայաստանի սոցիալական պաշտպանության ծրագրի միջազգային փորձագետի հետ

22-11-2024
Հանդիպում Հայաստանի սոցիալական պաշտպանության ծրագրի միջազգային փորձագետի հետ

Նոյեմբերի 22-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանը հյուրընկալեց Հայաստանի սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի կողմից իրականացվող 2024թ. նոյեմբերի 18-23-ը Հայաստանում կայանալիք սոցիալական պաշտպանության առաքելության պատվիրակության անդամ, սոցիալական պաշտպանության մասնագետ Դանիել Գարրոտե Սանչեսին։

Հանդիպման նպատակն էր բացահայտել զբաղվածության ծառայությունների և աշխատաշուկայի զարգացմանը նպաստող միջոցառումների բարելավմանն ուղղված վերլուծական և խորհրդատվական գործողությունների առաջընթացը Հայաստանում։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ զբաղվածության 2024-2030 թվականների ռազմավարության նախագծի շրջանակներում նախատեսված միջոցառումները, ուսումնական հաստատություն-աշխատաշուկա-գործատու կապի խթանմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև զբաղվածության հետ կապված պետական քաղաքականության արդյունավետության բարձրացման վերաբերյալ այլ խնդիրներ։

Վահագն Համբարձումյանը ներկայացրեց ՀԳՀՄ անդամ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսատնտեսագիտական քոլեջի միջև առկա համագործակցության հաջողված մոդելը, որն իր բովանդակությամբ և ձևաչափով հաստատում է գործատուների հետ սերտ համագործակցության նմանատիպ ձևաչափի արդյունավետությունը` միտված ՄԿՈՒ հաստատություններում որակյալ կրթության կազմակերպմանն ու աշխատաշուկայի պահանջների բավարարմանը։

Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակելու կառուցողական քննարկումները` օգտագործելու Միության ներուժը, առկա հաջողված փորձն ու հնարավորությունները զբաղվածության քաղաքականության համապարփակ ու արդյունավետ իրացման գործընթացում:

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ