Հանդիպում–քննարկումներ ԱՄԿ գործընկերների և Միության անձնակազմի և Խորհրդի անդամների միջև

23-10-2024
Հանդիպում–քննարկումներ ԱՄԿ գործընկերների և Միության անձնակազմի և Խորհրդի անդամների միջև

Հոկտեմբերի 22-23-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր մարմինը` նախագահ Վահագն Համբարձումյանի գլխավորությամբ, հյուրընկալեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի Աշխատանքի միջազգային կազմակերպության Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության բաժնի գործատուների ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչին։ ԱՄԿ փորձագետի այցի նպատակն էր հանդիպել ՀԳՀՄ անձնակազմի և Խորհրդի անդամների հետ, ծանոթանալ Միության որդեգրած նոր քաղաքականությանն ու քննարկել առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։

Հոկտեմբերի  22-ին ՀԳՀՄ թիմի հետ համատեղ քննարկվեցին Միության առաջիկա տարիների համար մշակված ռազմավարական պլանն ու դրանից բխող գործողությունների շարքը։ Վահագն Համբարձումյանը ներկայացրեց 2024թ. մայիսից առ այսօր օրենսդրական, ռազմավարական և օպերացիոն կառավարման, թվային հարթակում անդամների տվյալների բազայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև Միության համագործակցության շրջանակներում անդամակցող կազմակերպություններին ընձեռվող հնարավորություններն ու առավելությունները։

Մանրամասն դիտարկվեցին ՀԳՀՄ անդամների կարողությունների հզորացման և մասնագիտական ներուժի զարգացմանը միտված  հարցեր, որոնց ուղղությամբ արդեն առաջիկայում կձեռնարկվեն նոր նախաձեռնություններ և դասընթացներ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՄԿ ծրագրերի համակարգող Նվեր Սարգսյանը, ում հետ հստակեցվեց Միության դերակատարումը Հայաստանի տնտեսության և աշխատաշուկայի ֆորմալացմանն ուղղված ԱՄԿ նոր նախաձեռնության շրջանակներում։ Առաջին օրն ամփոփվեց նաև Գերմանիայից ժամանած Կրթական բիզնես ասոցիացիայի միջազգային ծրագրերի ղեկավար Հեննինգ Սիմանի հանդիպումով, ում հետ համատեղ քննարկվեցին առաջիկայում նախատեսված ծրագրերում միջազգային հնարավոր համագործակցությունն ու աջակցությունը։ Կրթական բիզնես ասոցիացիայի առաքելությունն է նպաստել սոցիալական շուկայական տնտեսության և բազմակարծիք ժողովրդավարության մտածողության ձևավորմանը, բիզնես ոլորտում առաջավոր փորձի տարածմանը, սոցիալական և տնտեսական քաղաքականության առանցքային հարցերում կողմնորոշման ապահովմանը։

Հոկտեմբերի 23-ին Վլադիմիր Չուրովիչը հանդիպում ունեցավ նաև ՀԳՀՄ Խորհրդի մի շարք անդամների հետ` Միության ներուժի հզորացման և կառավարման գործընթացների արդյունավետության ապահովման վերաբերյալ մի շարք հարցերի քննարկման նպատակով։ Հատուկ ընդգծվեց ներկայիս առաջընթացը ՀՀ կառավարության հետ սոցիալական գործընկերության և երկխոսության ամրապնդմանն ուղղված գործընթացում։ 

Տարբեր աշխատանքային խմբերի հետ կազմակերպված երկօրյա հանդիպում-քննարկումները բավականին արդյունավետ էին խնդիրների վերհանման, դրանց լուծման ուղիների հստակեցման և Միության ռազմավարության բալեվման տեսանկյունից։ Կողմերը վերահաստատեցին ազգային և միջազգային մակարդակում երկկողմանի համագործակցության շարունակական ամրապնդման պատրաստակամությունը` հստակ ուրվագծելով գերակա ուղղություններն ու ծրագրերը։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ