Հանրային քննարկում մասնագիտական ծառայությունների ոլորտի հարկման համակարգի փոփոխության շուրջ

02-12-2024
Հանրային քննարկում մասնագիտական ծառայությունների ոլորտի հարկման համակարգի փոփոխության շուրջ

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանի, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հակոբ Ավագյանի և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանի համատեղ նախաձեռնությամբ նոյեմբերի 29-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կազմակերպվեց հանրային քննարկում կառուցողական և փորձագիտական ձևաչափով վերհանելու խնդրահարույց հարցերը 2025 թվականի հուլիսի 1-ից մասնագիտական ծառայությունները շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու օրենսդրական նախաձեռնության շուրջ։

Քննարկմանը մասնակցում էին պետական գերատեսչությունների, հասարակական կառույցների, ՓՄՁ ոլորտի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Ողջունելով շահագրգիռ կողմերի մասնակիցներին` ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց պետական գերատեսչությունների ներկայացուցիչներին հրավերն ընդունելու և կառուցողական երկխոսությանը մասնակցելու համար։

Խնդրի շուրջ ելույթներ ունեցան «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հակոբ Ավագյանը, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը, «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» ՀԿ-ի Խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի Հարկային հանձնաժողովի նախագահ Վահան Գրիգորյանը և այլ հրավիրված անձինք, ովքեր իրենց մտահոգությունը հայտնեցին մասնագիտական ծառայություններ մատուցող ՓՄՁ-ների հետագա գործունեության, անհավասար մրցակցային պայմանների և ստվերային տնտեսության խնդիրների առնչությամբ։

ՓՄՁ ներկայացուցիչները հանդես եկան մի շարք առաջարկներով, ներառյալ նախագծի իրականացման ժամկետները վերանայելու հարցը` հետաձգելով այն առնվազն մինչև 2026 թվականի հունվար և այդ ժամանակահատվածը հնարավորինս արդյունավետ օգտագործելով` ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր փոփոխությունների ազդեցության գնահատման, համապատասխան գործիքակազմի մշակման ու ներդրման, ինչպես նաև ձեռնարկությունների ադապտացման նպատակով։

Ելույթներ ունեցան ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ովքեր կիսելով ՓՄՁ ոլորտի մտահոգությունները ստվերի հնարավոր աճի առնչությամբ` պատրաստակամություն հայտնեցին քննարկել հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու ուղղությամբ համատեղ աշխատանք տանելու և գործիքակազմ մշակելու հնարավորությունները։

Քննարկման արդյունքում բոլոր կողմերը համաձայնեցին շարունակել նմանատիպ ձևաչափով աշխատանքային քննարկումները և լրամշակել օրենքի նախագիծը, որի վերջնարդյունքը պետք է նպատակաուղղված լինի ոչ թե հարկային բեռի բարձրացմանը, այլ ստվերային միջավայրի նվազեցմանը։ Հետևաբար, առաջին հերթին նախ ստվերը պետք է վերացնել, հետո նոր նախագիծը կյանքի կոչել, ընդ որում` փոփոխությունն անհրաժեշտ է հետաձգել մինչև 2026թ. հունվարի 1-ը, որպեսզի մեկ տարվա ընթացքում հնարավոր լինի իրականացնել անհրաժեշտ գործիքակազմի մշակումն ու ներդրումը։

Ամփոփելով քննարկումը` Միության նախագահ Վահագն Համբարձումյանն ընդգծեց, որ քննարկումն արդյունավետ էր` հաշվի առնելով, որ ԱԺ-ի կողմից արդեն իսկ քաղաքական հայտարարություն է տարածվել, որ նախագծով նախատեսված իրավաբանական, հաշվապահական և խորհրդատվական ծառայություններն անցնելու են հարկման ընդհանուր համակարգի, իսկ մնացած մասնագիտությունները, ովքեր գործում են շրջանառության հարկի դաշտում, շարունակելու են մնալ այդ հարկման համակարգում, սակայն այն պայմանով, որ եթե դիմացի կողմը շահութարկ վճարող է, ապա դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը հիմք չեն հանդիսանալու շահութահարկի նվազեցման համար, իսկ այս մոտեցումն արդեն որոշակի տրամաբանություն ունի, սակայն արդեն մեկ այլ քննարկման առարկա է։

https://www.youtube.com/watch?v=JShUIEwzSWY

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ