ՀԳՀՄ նախագահի տեղակալը մասնակցեց Բրյուսելում կայացած ԵՏՏՀ հանդիպմանը

16-11-2026
ՀԳՀՄ նախագահի տեղակալը մասնակցեց Բրյուսելում կայացած ԵՏՏՀ հանդիպմանը

Նոյեմբերի 10-ին Բրյուսելում կայացած ԵՄ–Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 9-րդ հանդիպման շրջանակերում Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահի տեղակալ Նարե Սարգսյանը մասնակցեց Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի (ԵՏՏՀ) «Տարածաշրջանային կապակցվածություն. տնտեսական և սոցիալական հեռանկարներ» խորագրով շահագրգիռ կողմերի հանդիպմանը։

Հանդիպումը վարում էին Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն և Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ Ստեֆանո Պալմիերին։

Քննարկմանը մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի գործատուների, արհմիությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և Եվրոպական միության ներկայացուցիչներ, ովքեր անդրադարձան տարածաշրջանային կապակցվածության տնտեսական և սոցիալական ազդեցություններին, առկա հնարավորություններին ու մարտահրավերներին։

Տնտեսական հնարավորություններն ու բիզնեսի մարտահրավերները

Ներկայացնելով ՀՀ գործատուների տեսակետը՝ Նարե Սարգսյանն ընդգծեց, որ տարածաշրջանային կապերի զարգացումը կարող է Հայաստանի համար ստեղծել ավելի լայն հնարավորություններ դեպի տարածաշրջանային և եվրոպական շուկաներ, կրճատել փոխադրումների երթուղիները, ամրապնդել մատակարարման շղթաները և նպաստել նոր ներդրումների ու աշխատատեղերի ստեղծմանը։ Միաժամանակ նա շեշտեց, որ ենթակառուցվածքների զարգացումն ինքնին բավարար չէ։ Գործարար միջավայրի համար առանցքային նշանակություն ունեն երթուղիների անխափան գործունեության նկատմամբ վստահությունը, սահմանային ընթացակարգերի կանխատեսելիությունը և քաղաքական անկայունության հետևանքով առևտրային գործընթացների խաթարման ռիսկերի նվազեցումը։

Խոշոր ներդրումների կապակցվածությունը ՓՄՁ-ների հետ

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում ԵՄ ներդրումային նախաձեռնությանը և դրա հնարավոր ազդեցությանը փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացման վրա։ ՀԳՀՄ նախագահի տեղակալը նշեց, որ ենթակառուցվածքների արդիականացման և նոր տնտեսական հնարավորությունների ձևավորման համար խոշոր ներդրումները կարևոր նշանակություն ունեն, սակայն հայաստանյան ՓՄՁ-ները հաճախ չունեն նման ծրագրերին ինքնուրույն մասնակցելու բավարար հնարավորություններ։ Այս առումով ՀԳՀՄ-ն կարևորում է խոշոր ներդրումները տեղական բիզնեսի հետ կապող մեխանիզմների զարգացումը և եվրոպական չափանիշներին համապատասխանելու համար ձեռնարկությունների կարողությունների զարգացումը, ինչպես նաև ՓՄՁ-ների մասնակցությունը խթանող ֆինանսական գործիքների կիրառումը։

Երկխոսությունից դեպի գործնական համագործակցություն

Անդրադառնալով գործատուների կազմակերպությունների և ոլորտային ասոցիացիաների դերակատարմանը՝ Նարե Սարգսյանն ընդգծեց, որ դրանք կարող են կարևոր կամուրջ դառնալ տարածաշրջանային երկխոսության և գործնական տնտեսական համագործակցության միջև՝ բացահայտելով համագործակցության ներուժ ունեցող ընկերություններին, քարտեզագրելով առկա խոչընդոտները, նախապատրաստելով տեղական մատակարարներին և նպաստելով իրատեսական ներուժ ունեցող ոլորտներում փորձնական ծրագրերի իրականացմանը։

ՀԳՀՄ-ն կարևորում է, որ տարածաշրջանային կապակցվածության զարգացումը ուղեկցվի տեղական բիզնեսի ակտիվ ներգրավմամբ՝ ապահովելով փոքր և միջին ձեռնարկությունների մասնակցությունը խոշոր ներդրումային ծրագրերին, նոր շուկաների և արժեքային շղթաների հասանելիությունը։ Տարածաշրջանային կապակցվածության արդյունավետությունը պետք է չափվի ոչ միայն ենթակառուցվածքներով և տարանցիկ ծավալներով, այլև գործարար վստահությամբ, տեղական ընկերությունների ներգրավվածությամբ, ներդրումներով և արժանապատիվ աշխատատեղերով։

ՀԳՀՄ-ն կարևորում է նման հարթակներում հայաստանյան գործատուների դիրքորոշման ներկայացումը և միջազգային գործընկերների հետ երկխոսության զարգացումը՝ տարածաշրջանային տնտեսական համագործակցության գործնական հնարավորությունները բացահայտելու և մասնավոր հատվածի մասնակցությունն ընդլայնելու նպատակով։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ