Մեկնարկեց պետություն–մասնավոր երկխոսության հարթակի հանդիպումների շարքը

13-11-2024
Մեկնարկեց պետություն–մասնավոր երկխոսության հարթակի հանդիպումների շարքը

Նոյեմբերի 13-ին ՎԶԵԲ–ի Հայաստանի ներդրումային խորհրդի գրասենյակում տեղի ունեցավ  հանդիպում Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամների և Խորհրդի փորձագիական թիմի միջև` ի դեմս Միության նախագահ Վահագն Համբարձումյանի և Խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանի։

Հաշվի առնելով, որ շուտով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի որոշմամբ կհաստատվի Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի կողմից ներկայացված անդամակցության դիմում–հայտը փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման խորհրդին` ուստի հանդիպումը նպատակաուղղված էր ՀԳՀՄ անդամների կողմից հավաքագրված օրենսդրական բնույթի հարցերի քարտեզագրմանը՝ փոխվարչապետի գլխավորությամբ Խորհրդի նիստերի օրակարգերում ներառելու նպատակով։ Հանդիպման ընթացքում ՀԳՀՄ անդամների կողմից բարձրացվեցին օրենսդրական կարգավորումներ պահանջող մի շարք խնդրահարույց հարցեր, որոնք խոչընդոտում են տարբեր ոլորտներում արդյունավետ գործունեություն ծավալելու համար։

Հիշեցնում ենք, որ ՓՄՁ Զարգացման պետություն-մասնավոր երկխոսության հարթակը ստեղծվել է վարչապետի որոշմամբ 2012 թվականին և գործում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, ծառայում է որպես պետություն-մասնավոր երկխոսության հարթակ` Հայաստանի Կառավարության և ՓՄՁ ասոցիացիաների միջև և ուղղված է բիզնես միջավայրը բարելավող օրենսդրական բարեփոխումների մշակմանը: Հարթակը գործում է ենթախորհրդի ամենամսյա նիստերի միջոցով՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի ղեկավարությամբ, և խորհրդի եռամսյակային նիստերի միջոցով՝ փոխվարչապետի ղեկավարությամբ: 

ՀԳՀՄ-ի հետ անդամակցության շրջանակներում Միության անդամները սերտորեն կհամագործակցեն ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագիտական թիմի հետ` բացահայտելու Հայաստանում ՓՄՁ-ների անխափան գործունեությանը խոչընդոտող օրենսդրական բացերը և հանդես կգան օրենսդրական առաջարկներով համապատասխան նախարարություններին՝ մշակելու բարեփոխումների փաթեթներ՝ ուղղված Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ ենթախորհրդի նիստերը կապահովեն բացահայտված հարցերի և առաջարկությունների նախնական քննարկումը: Զտված օրենսդրական խոչընդոտները հաջորդիվ կքննարկվեն փոխվարչապետի գլխավորությամբ Խորհրդի նիստերի ժամանակ:

Հավատարիմ մնալով ՀԳՀՄ առաքելությանը պաշտպանելու բիզնես համայնքի և գործատուների շահերը` Միության նախագահ Վահագն Համբարձումյանը հետևողականորեն կշարունակի ներկայացնել Միության անդամների ձեռնարկատերերի համընդհանուր ձայնը պետական տարբեր գերատեսչություններում։  

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ