Միությունն ընդլայնում է համագործակցությունը վերականգնվող էներգետիկայի ոլորտում

18-06-2026
Միությունն ընդլայնում է համագործակցությունը վերականգնվող էներգետիկայի ոլորտում

Հունիսի 9–15-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի տեղակալ Մարիա Խախամյանը և գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը նախաձեռնել էին հանդիպումների շարք «Զենիթ» ակադեմիայի գործադիր տնօրեն Հասմիկ Սարգսյանի և Հայաստանի արևային էներգիայի ասոցիացիայի գործադիր տնօրեն Ջուլիետա Սիմոնյանի հետ։

Հանդիպումների նպատակն էր քննարկել կառույցների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև արևային և վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների իրականացումը։

Քննարկումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց Հայաստանի արևային էներգետիկայի ոլորտի հիմնախնդիրների և զարգացման առաջնահերթությունների բարձրաձայնման հնարավորություններին։ Այս համատեքստում կարևորվեց առաջիկայում ոլորտի կառույցների անդամակցությունը Հայաստանի գործատուների հանրապետական միությանը, ինչը հնարավորություն կտա ոլորտի խնդիրներն առավել համակարգված ներկայացնել և առաջ մղել պետական շահագրգիռ մարմինների հետ երկխոսության ընթացքում։ Ընդգծվեց, որ Միության ակտիվ ներգրավվածությունը պետություն–մասնավոր հատված համագործակցության հարթակներում, եռակողմ սոցիալական գործընկերության ձևաչափերում և պետական քաղաքականությունների մշակման գործընթացներում արդյունավետ հնարավորություն է ստեղծում անդամ կազմակերպությունների ոլորտային խնդիրների լուծմանը նպաստելու համար։

Հանդիպումների ընթացքում կարևորվեց նաև  վերջին տարիներին Հայաստանում իրականացվող կանաչ տնտեսության անցման պետական քաղաքականությունը՝ ընդգծելով, որ վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումը պահանջում է մասնավոր հատվածի, կրթական համակարգի և պետական կառույցների առավել սերտ համագործակցություն։ Այս առումով Միության, «Զենիթ» ակադեմիայի և  Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիայի միջև սերտ համագործակցությունը կարող է կարևոր հարթակ հանդիսանալ քաղաքականության մշակման գործընթացներին համատեղ նախաձեռնությունների իրականացման համար։

Հանդիպումների առանցքային թեմաներից էր նաև Erasmus+ ծրագրի շրջանակներում իրականացվող «Վերականգնվող էներգիայի ոլորտում աշխատուժի ներուժի հզորացում» (Strengthening Workforce Potential in the Renewable Energy Sector – REnForce) նախագիծը, որն իրականացվում է տեղական և միջազգային գործընկերների համատեղ ջանքերով։ Ծրագիրը մեկնարկել է 2025 թվականից և նպատակ ունի արդիականացնել վերականգնվող էներգիայի ոլորտի մասնագիտական կրթության ծրագրերը, խթանել աշխատանքի վրա հիմնված ուսուցման (Work-Based Learning) մեխանիզմների ներդրումը և ամրապնդել համագործակցությունը մասնագիտական կրթության հաստատությունների և աշխատաշուկայի միջև։

Ծրագրի շրջանակներում արդեն մշակվել են երկու կարևոր փաստաթուղթ՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման գործնական ուղեցույցը, ինչպես նաև մասնագիտական կրթական ծրագրի արդիականացման վերաբերյալ վերլուծությունը, որոնք հիմնված են ոլորտի շահագրգիռ կողմերի կարծիքների և միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության վրա։

Ոլորտային կազմակերպությունների և գործատուների ակտիվ ներգրավվածությունը ծրագրում հնարավորություն է տալիս կրթական ծրագիրն առավելագույնս համապատասխանեցնել աշխատաշուկայի իրական պահանջներին և նպաստել վերականգնվող էներգետիկայի ոլորտի համար պահանջված մասնագետների պատրաստմանը։

Կողմերը պայմանավորվեցին շարունակել քննարկումները և առաջիկայում, Միության անդամակցման շրջանակերում, սերտորեն աշխատել ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների մշակման և իրականացման ուղղությամբ։ 

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ