Սեմինարների շարք` նվիրված արհեստական բանականության արդյունավետ կիրառմանը բիզնեսում

30-07-2025
Սեմինարների շարք`  նվիրված արհեստական բանականության արդյունավետ կիրառմանը բիզնեսում

Հուլիսի 16–31-ը Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) անդամների կարողությունների հզորացմանն ուղղված ծրագրի շրջանակներում  իրականացրեց  սեմինարների շարք՝ նվիրված արհեստական բանականության (ԱԲ/AI) արդյունավետ կիրառմանը բիզնես գործընթացներում:

Սեմինարների նպատակն էր ՀԳՀՄ անդամ կազմակերպություններին ապահովել AI տեխնոլոգիաների վերաբերյալ գործնական գիտելիքներով, նպաստել թվային փոխակերպման զարգացմանը, աջակցել նորարարական լուծումների ներդրմանը և բարձրացնել մրցունակությունը` համապատասխանեցնելով տարբեր ոլորտներում գործող բիզնեսի պահանջներին։

Դասընթացը վարեց ոլորտի փորձառու մասնագետ, «Karapp» ՍՊԸ և AI Ակադեմիայի համահիմնադիր Շավարշ Կարապետյանը, ով ներկայացրեց արհեստական բանականության տեխնոլոգիական հիմունքները և դրանց գործնական կիրառման անսահմանափակ հնարավորությունները։ Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան արհեստական բանականության հիմնարար սկզբունքներին, տարբեր ոլորտներում դրա կիրառելիությանը՝ սկսած շուկայական վերլուծությունից մինչև հաճախորդների սպասարկում և արտադրական գործընթացների ավտոմատացում։

Դասընթացի առանցքում ԱԲ-ի կիրառմամբ կազմակերպության ռազմավարական պլանի մշակման գործընթացն էր։ Այս փուլում մասնակիցները խորությամբ ուսումնասիրեցին՝

  • ԱԲ լուծումների ներդրման ճանապարհային քարտեզների կազմման ձևերը,
  • կազմակերպչական փոփոխությունների կառավարման մեթոդները,
  • մարկետինգային ռազմավարության ներդրման գործիքները,
  • ինչպես նաև բիզնեսի համար կարևոր տվյալների կառավարման, տեքստային, անիմացիոն և այլ վիզուալ  նյութերի մշակման գործնական քայլերը։

Սեմինարների շարքը ներկայացնում էր ԱԲ-ին ուղղված կարողությունների զարգացման համապարփակ ծրագիր, որը միտված էր կազմակերպություններին զինելու արհեստական բանականության գործիքների մանրամասն ընտրության, ներդրման, ռազմավարական կիրառման և փոփոխությունների կառավարման անհրաժեշտ գիտելիքներով։ Այն միաժամանակ համադրում էր տեսական գիտելիքները գործնական վարժությունների և տեղայնացված օրինակների հետ՝ նպաստելով մասնակիցների կարողությունների ձեռքբերմանը ԱԲ գործիքները սեփական բիզնես միջավայրում արդյունավետ կիրառելու նպատակով։

Շնորհակալություն ենք հայտնում դասընթացի բանախոս Շավարշ Կարապետյանին՝ բարձր պրոֆեսիոնալիզմի, արժեքավոր փորձառությամբ կիսվելու, տեսական և գործնական գիտելիքների ներդաշնակ համադրմամբ արդյունավետ սեմինարներ անցկացնելու, ինչպես նաև բարդ տեխնոլոգիական հասկացությունները հնարավորինս մատչելի և հասանելի մատուցելու համար։

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը շարունակում է իր գործունեությունը՝ ուղղված գործատուների կարողությունների հզորացմանը, նպատակ ունենալով բարձրացնել անդամ կազմակերպությունների պրակտիկ և կառավարչական հմտությունները՝ ի նպաստ բիզնեսի կայուն զարգացման և տնտեսական առաջընթացի խթանման։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ